WikiLeaks կազմակերպությունը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի նախընտրական շտաբի համացանց արտահոսած նամակագրության մեջ 9 անգամ հիշատակվում է ռուսական ընկերության աշխատակցի անունը, փոխանցում է Lenta-ն:

«#MacronLeaks. Անվտանգության ոլորտում ռուսական կառավարության կապալառու ընկերության աշխատակցի «Էվրիկա» անունը 9 անգամ հայտնվում է արտահոսած xls_cendric.rar արխիվի տվյալներում»,- կազմակերպությունը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: Հրապարակված աղյուսակում ամսաթվերով նշված է ոմն Ռոշկա Գերոգի Պետրովիչ:

Wikileaks-ը նշում է, որ խոսքը ընկերության մասին է, որը «Անվտանգության դաշնային ծառայությունից պետական գաղտնիքի պաշտպանության գործունեության լիցենզիա է ստացել»: «Էվրիկայի» կայքում նշված է, որ 1990 թվականից հաշվիչ տեխնիկա է արտադրում, նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուծումների խոշոր մատակարար է: Նրա մշտական հաճախորդների թվում են ԱԳՆ-ն, Տնտեսական զարգացման նախարարությունը, Մաքսային դաշնային ծառայությունը, Կենտրոնական բանկը, Պետական թմրավերահսկողությունը, Ռուսաստանի Կենսաթոշակային հիմնադրամը, Հաշվիչ պալատը եւ այլն:

Մայիսի 6-ի գիշերը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման նախօրեին WikiLeaks-ը հրապարակել է Մակրոնի թիմի փաստաթղթերի 9 գիգաբայթ ֆայլ: «Առաջ» շարժման հիմնադրի կողմնակիցները կարծում են, որ իրենք «համակարգվող հաքերային գործողության» զոհն են դարձել: