Թեհրանը մշտապես սատարել է Հայաստանի համար ամենածանր պահերին: Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է «Իտերֆաքս» գործակալության հետ հարցազրույցում:

«Իրանը Հայաստանի հնագույն հարեւանն է: Մեր հարաբերությունները կառուցվում են դարավոր պատմական ավանդույթների հիման վրա, եւ Հայաստանի անկախացման առաջին օրերից Իրանն իրեն մշտապես դրսեւորել է որպես տարածաշրջանում հուսալի եւ պատասխանատու խաղացող, զուսպ եւ հավասարակշռված դիրքորոշում որդեգրելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում: Թեհրանը մշտապես սատարել է Հայաստանի համար ամենածանր պահերին, նույնիսկ պարզապես պարեն մատակարարելով այն օրերին, երբ Հայաստանը լիակատար շրջափակման մեջ էր: Այս պատճառով Իրանի հետ մենք խոր փոխհարգանքի, վստահության հարաբերություններ ունենք, եւ մեզ համար կարեւոր է, որ ծանրակշիռ հեղինակություն ունեցող տարածաշրջանային խաղացողը հստակ պատկերացնում է սպառնալիքները, որոնք  պարունակում է ղարաբաղյան հակամարտության հնարավոր թեժացումը: Իրանն այս մասին հրապարակավ հայտարարում է բոլոր հարթակներում, այդ թվում՝ մեր ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպելիս: Ես եւ իմ գործընկերը խոսել ենք այն մասին, որ չի կարելի նոր թեժացում թույլ տալ:

Դրանից զատ, Թեհրանի հետ տնտեսական բնույթի խոր հարաբերություններ ունենք, քաղաքական լուրջ երկխոսություն է վարվում արդեն 25 տարի: Հիմա, երբ զգալիորեն մեղմվել է Իրանի վրա պատժամիջոցային ճնշումը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում նրանց հնարավորությունների գծով, մենք իսկապես շահագրգռված ենք ուսումնասիրելու այն մշակումները, որոնք նրանք կատարում են: Իրան իմ այցի ընթացքում ես հաճելիորեն զարմացած էի այն արդյունքով, որը նրանք ցուցադրում են ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտում: Շատ ուղղություններով է  լուրջ ճեղքում կատարվել, այդ թվում՝ ռադիոէլեկտրոնիկայի, օպտիկայի, եւ սա մեծագույն հարգանքի ու ուշադրության է արժանի»,- նշել է նախարարը:

Ի պատասխան Իրանի եւ Ադրբեջանի համագործակցությանն առնչվող հարցին, Վիգեն Սարգսյանը նշել է. «Իրանը տարածաշրջանային խաղացող է, բնական է, որ շահագրգռված է բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացմամբ: Մենք ընդհանրապես մշտապես անչափ դրական ենք վերաբերվել գործընկերությանը, տարածաշրջանային համագործակցությանը: Մենք կարծում ենք, որ մեր տարածաշրջանի ապագան հենց այն բանում է, որ որքան հնարավոր է մեծ թվով երկրներ միմյանց հետ շփվեն ամենատարբեր թեմաներով ու ուղղություններով»: