Երեւանում ԵԱՀԿ-ի գրասենյակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում ոչ մի դերակատարում չունի: Դրանով զբաղվում են ԵԱՀԿ-ի այլ կառույցները: Այս մասին ի պատասխան NEWS.am-ի հարցմանը հայտարարեցին ԵԱՀԿ-ի ավստրիական նախագահությունից:
Ի պատասխան հարցին՝ կարո՞ղ է Երեւանում ԵԱՀԿ-ի գրասենյակի փակումը ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, ԵԱՀԿ-ի նախագահության ներկայացուցիչ Հելենա Սպիտցերը նշեց. «Երեւանում ԵԱՀԿ-ի գրասենյակը խաղաղ գործընթացում ոչ մի դեր չունի: Երեւանում ԵԱՀԿ-ի գրասենյակը տարբեր ոլորտներում լավ աշխատել է: Տեղերում ԵԱՀԿ-ի գրասենյակները կազմակերպության ամենօրյա աշխատանքի կենտրոնական մասն են: Այս առաքելություններն ունեն անհատական մանդատներ՝ կոնկրետ ծրագրերի շրջանակում ընդունող երկրներին օգնություն ցուցաբերելու համար, որոնք համապատասխանում են նրանց պահանջմունքներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարմանն աջակցելու համար: Այս համատեքստում մենք բարձր ենք գնահատում այն ինքնանվեր աշխատանքը, որը կատարում է դեսպան Արգո Ավակովը եւ նրա թիմը»:
Հարցին՝ կարո՞ղ է երեւանյան գրասենյակի փակումը վնաս հասցնել կազմակերպության հեղինակությանը, Ավստրիայի ներկայացուցիչը նշեց, որ «նախագահությունը չի կարող դատել ստատուս քվոյի ազդեցությունը ԵԱՀԿ-ի հեղինակության վրա». «Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել ԵԱՀԿ-ի այլընտրանքային մասնակցության տարբերակները՝ այն տեսակետից, որ Հարավային Կովկասում անվտանգության բոլոր չափանիշներով լրացուցիչ աջակցություն ցույց տրվի եւ համագործակցություն հաստատվի»:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, ընթացիկ տարվա սկզբից գրասենյակի գործունեությունը «օդից կախված» վիճակում էր՝ նկատի ունենալով ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի մանդատի երկարացման հարցում կոնսենսուսի բացակայությունը: Ադրբեջանը պահանջներ էր ներկյացարել ականազերծման տրենինգների հետ կապված ծրագրին: Գերմանիայի նախագահությունը փորձել էր Ադրբեջանին համոզել պահանջների չհիմնավորված լինելը, սակայն առայժմ ապարդյուն: Հայկական կողմը համաձայնվել էր ծրագիրը դադարեցնել, սակայն Ադրբեջանը շարունակում է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի աշխատանքին խոչընդոտելու փորձերը:
Նախօրեին Վիեննայում բանակցություններ են ընթացել, որոնք դրական արդյունք չեն ունեցել:



























