«Zangi» մեսինջերի առաջիկայի թարմացումը տեքստային հաղորդագրություններին է վերաբերելու, որում առկա տեխնիկական լուծումների արդյունքում օգտատերերի տեքստային հաղորդագրությունները կհասնեն ինտերնետում եղած տեսական արագությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց հայկական մեսինջերի տեխնիկական տնօրեն Արամ Հովսեփյանը:
«Սա, ըստ էության, հեղափոխական քայլ է, որը ձգտում են կատարել բոլոր մեսինջերները: Լուծումը տալիս ենք մեր մշակած սեփական տեխնոլոգիայով՝ stream control protocol-ով: Արդյունքում կունենանք ping հրամանի արագությամբ հասնող հաղորդագրություններ»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանի ներսում մեսինջերով ուղարկված հաղորդագրությունը կհասնի միջինը 10 մլ վայրկյանում, դեպի Եվրոպա՝ 50 մլ վայրկյանում:
Ըստ էության՝ մեսինջերների մշտական օգտագործման հիմնական պայմաններից մեկը հենց այս միլիվայրկյաններն են: Մասնագետները ահազանգում են, կամ ավետում են (ով ինչպես կհասկանա), որ 2000-ականներից սկսած, յուրաքանչյուր նոր սերունդ մատերի մոտորիկայի արագությամբ, տեսողության ընկալման ակտիվությամբ իր ռեկորդն է սահմանում: Սա շարժական հեռախոսներով ինֆորմացիա ուղարկելու հետևանքն է: Զարմանալի է, բայց դեպքեր են գրանցվել, որ պատանիներն ավելի արագ հաղորդագրության տեքստ են հավաքում, քան խոսում: Այս հիպերակտիվությունը բնականաբար նաև ազդում է նրանց պատասխանը ստանալու համբերության վրա: Իսկ պատասանն ուշանում է ցանցում հաղորդագրության կատարելիք ճանապարհի պատճառով, որը ճիշտ է մի քանի հարյուր միլիմայրկյան է տևում, բայց դա էլ բավարար է 15-16 տարեկան պատանու մոտ մեսինջերը ուրիշով փոխարինելու մտքերի առաջացման համար:
Հաղորդագրությունների արագ ուղարկման հարցը լուծելուց հետո, սակայն, «Zangi»-ն էլ ավելի առաջ է շարժվելու: Հովսեփյանի խոսքով՝ մինչև տարեվերջ «Zangi»-ն կներկայացնի նաև ֆայլերի փոխանցման թարմացումը: «Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք ցանկացած մեսինջերով ուղարկում ենք ֆայլ՝ վիդեո, ֆոտո: Առանց այլ մանրամասնությունների եթե ներկայացնեմ, ապա այն մեր սարքից սկզբում գնում է մեսինջերի սերվեր, ապա անտեղից սկսում բեռնվել մեսինջերով՝ մեր զրուցակցի սարք: Մենք փորձում ենք այնպես անել, որ ուղարկողի մոտից ֆայլի վերբեռնման հետ մեկտեղ ստացողի մոտ սկսվի ներբեռնումը»,- ասաց «Zangi»-ի տեխնիկական տնօրենը:
Այս լուծումը «Zangi»-ի մոտ ստացվում է, որովհետև հայկական մեսինջերը ի տարբերություն «Viber»-ի, «WhatsApp»-ի, «Facebook messenger»-ի և այլ մեսինջերների իր սերվերներում չի գրանցում ինֆորմացիան, այսինքն՝ օգտատիրոջ գեներացրած տեղեկատվությունը՝ տեքստերը, ֆայլերը, այդ թվում վիդեոն և ֆոտոն պահպանվում է ուղարկողի և ստացողի անձնական սարքերում: Դրա արդյունքում է, որ «Zangi»-ին հաջողվում է դառնալ համաշխարհային առաջատարն իր արագությամբ:




























