Սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ դրանից հետո կորոշվի, թե արդյոք կա՞ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման անհրաժեշտություն:

Անդրադառնալով երկու երկրների նախագահների հանդիպման հնարավորությանը՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Նախագահների հանդիպում առայժմ չի նախատեսվում: Եվ նախարարների հանդիպումը նվիրված չէր այս հարցին: Տեղեկությունը, թե նախարարները քննարկել են նախագահների հանդիպման կազմակերպման հարցերը, սխալ էր»:

Հարցին՝ ե՞րբ է նախատեսվում համանախագահների այցը տարածաշրջան, Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Դա դեռեւս հստակեցված չէ: Դա միայն մեզնից չի կախված: Պետք է տարածաշրջանային այց կատարվի: Նրանք պետք է այցելեն Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղ: Ժամկետները դեռեւս պետք է համաձայնեցնել»:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: