Հայաստանում նախագծել են մատների արյունատար անոթների ցանցով սեփականատիրոջը ճանաչող USB- սարքավորում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում One-Click Key թիմի ղեկավար Տիգրան Ջհանյանը նկատեց, որ այդ տեխնոլոգիան դեռ թղթի վրա է, բայց ամբողջջովին նախագծված է Հայաստանում։ Հնարավորության դեպքում մտադիր են նաեւ այստեղ արտադրել։
Արյունատոր անոթներով նույնականացումը մի քանի անգամ ավելի ճշգրիտ է, քան նույնիսկ մատնահետքերով նույնականացումը։ Դրա համար էլ նման ֆլեշկայով կարելի է պահպանել գաղտնի տեղեկություն, հավելել է նա։ «Այդ տեխնոլոգիան աշխարհում նոր է։ Մի ճապոնական ընկերություն ունի նման տեխնոլոգիա , բայց շատ ավելի թանկ է ու մի քիչ տարբերվում է իր սպեցիֆիկացիայով»,- նշել է Ջհանյանը։
Արտաքուստ սարքը հասարակ ֆլեշկայի նման է, իսկ ներսում լինելու է սկաներ՝ արյունատար անոթների ցանցը ճանաչելու համար։ «Եթե տերն իր մատը չդնի ու չհավաքի լոգինն ու կոդը, ֆլեշկան չի բացվի։ Իսկ երբ դուք այն անջատեք, բոլոր ծրագրերը, որոնցից դուք օգտվել են ուրիշի համակարգչով, կջնջվեն պատմությունից՝ այդ թվում սոցցանցից ու մնացած ամեն ինչը՝ այսինքն ձեր բոլոր անձնական տվյալները»,- պարզաբանել է Ջհանյանը։
Չնայած թիմը դեռ չի հասցրել նույնիսկ նախատիպ ստեղծել, երկու ընկերություններ (մեկը Հայաստանից, մյուսը՝ Արաբական էմիրություններից) արդեն համաձայնել են նախնական պատվեր տալ։
Նախագիծը պարգեւատրվել է տեխնոլոգիական դրամաշնորհների STEP վենչուրային մրցույթում, որն անցել է ԵՄ -ի, Միջազգային համագործակցության գերմանական միության (GIZ) ու «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ։




























