Mapato մշակողների հայկական թիմը ստեղծել է փակ տարածքներում կողմնորոշվելու համակարգ։ Թիմի անդամ Հովհաննես Հայրյանը NEWS.am ի թղթակցին հայտնել է, որ համակարգը կարող է օգտակար լինել առեւտրի կենտրոններում, օդանավակայաններում ու այլ փակ տարածքներում, որտեղ ոչ միշտ է լավ աշխատում GPS–ը։
Համակարգը կազմված է հաղորդիչներից, որոնք որոշակի հաճախության վրա են հարմարեցված ու գտնվելու տեղի մասին ազդանշան են փոխանցում բջջային հեռախոսին՝ Bluetooth-ի միջոցով։ Համակարգը կարող է նաեւ գծել օգտատիրոջն անհրաժեշտ երթուղին;
«Եթե կարողանանք շուկա դուրս գալ, այդ ժամանակ էլ կպայմանավորվենք խոշոր կենտրոնների հետ համագործակցության մասին։ Նրանք մեզ կփոխանցեն քարտեզը, որը մենք կներբեռնենք, իսկ հետո նրանց մոտ հաղորդիչներ կտեղադրենք։
Շուկայի հեռանկար կա։ Նման համակարգերը աշխարհում դեռ լայն տարածում չունեն։ Շատերը դեռ փորձարկման փուլում են, եւ հետո՝ մեծ ճշգրտություն չեն ապահովում»,- նկատեց Հայրյանը։
Իր նախագիծը թիմը ներկայացրել է տեխնոլոգիական դրամաշնորհների STEP վենչուրային մրցույթում, որը կազմակերպվել է ԵՄ-ի, Միջազգային համագործակցության գերմանական միության (GIZ) ու «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) աջակցությամբ։




























