Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը մի քայլ է միայն Ադրբեջանի մեծ խաղում: «Մեդիակենտրոն»-ում քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի գլխավոր տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ գրասենյակի փակումից ուղղակի վնաս չի լինի, ծրագրերի իրականացման այլ ուղիներ կգտնվեն: Որպես օրինակ նա նշեց այն, որ հիմնադրամի հրավերով հիմա Հայաստանում է ԺՀՄԻԳ ներկայացուցիչը:

«Բայց ռազմավարական առումով հարկավոր է հասկանալ, որ սա առանձին վերցրած դեպք չէ»,- հիշեցրեց Տեր-Գաբրիելյանը: Նա, միաժամանակ, նշեց, որ Հայաստանին չհաջողվեց այնպես անել, որպեսզի Արցախի հանրապետությունն օգնություն ստանա միջազգային հանրությունից: Սա, ըստ նրա, մեր արտաքին քաղաքականության ամենամեծ սխալներից է եւ բանակցային գործընթացից ԼՂՀ-ի դուրս գալու հետեւանք:

Հիշեցնելով, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը երբեք ԼՂՀ-ին առնչվող ծրագրեր չի իրականացրել, նա նշեց, որ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա կապերի, ժողովրդավարության, միջազգային կազմակերպությունների հետ կապերի առումով: «Բայց հենց Ադրբեջանում քաղաքացիական հասարակության հետ կապված հսկայական խնդիրներ կան»,- փաստեց Գեւորգ Տեր-Գաբրիելյանը: Նա նաեւ համաձայն չէ պնդմանը, որ հայկական կողմն արեց հնարավոր ամեն ինչ: Նրա կարծիքով՝ հարկավոր էր նախապես գործել՝ աստիճանաբար կանխելով սպառնալիքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունությունն այս տարեսկզբից «օդում կախված էր»՝ կապված  մանդատի երկարաձգման հարցում կոնսենսուսի բացակայության հետ: Ադրբեջանը դժգոհություն էր հայտնել ականազերծման ծրագրի թրեյնինգների առնչությամբ: Սկզբում գերմանական, իսկ հետո՝ ավստրիական նախագահությունը փորձեցին համոզել Ադրբեջանին դժգոհության անհիմն լինելու մեջ, բայց ապարդյուն:

Օրերս Վիեննայում կայացած բանակցությունները դրական արդյունք չտվեցին: