Ամերիկյան Apple ընկերության iPhone 7 սմարթֆոնը 2017 թվականի առաջին եռամսյակում դարձել է ամենավաճառվող մոդելը։ Այս մասին ասվում է Strategy Analytics ընկերության հետազոտությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեր գնահատականներով՝ Apple ընկերության iPhone 7-ի մատակարարումները կազմել են 21,5 մլն միավոր, դրան է բաժին ընկել 2017 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային շուկայի 6 տոկոսը։ Այսօրվա դրությամբ IPhone 7-ը աշխարհում սմարթֆոնների ամենահանրաճանաչ մոդելն է՝ օգտագործման համար հարմարավետ դիզայնի, առկա հավելվածների եւ լայն մանրածախ ցանցի համադրության շնորհիվ»,-հայտարարել է Strategy Analytics ավագ վերլուծաբան Յուհա Վինթերը։
Ավելի մեծ էկրանով եւ ավելի բարձր գնով iPhone 7 Plus-ի մատակարարումները հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում կազմել են 17,4 մլն միավոր, դրանց բաժին է ընկել առաջին եռամսյակում համաշխարհային շուկայի 5 տոկոսը։ «Այսօր Apple-ին է պատկանում սմարթֆոնների հինգ ամենահանրաճանաչ մոդելներից երկուսը», -հավելել է Վինթերը։
Ամենավաճառվող սմարթֆոնների շարքում երրորդ տեղում է չինական արտադրողի OPPO R9s ֆլագմանը։ Տվյալ մոդելին բաժին է ընկնում համաշխարհային շուկայի 3 տոկոսը։ Համաշխարհային մատակարարումները կազմել են 8,9 մլն միավոր։




























