«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր առաջարկով կրկնում է իշխանության արատավոր գործունեությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 11–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն՝ անդրադառնալով Փաշինյանի  առաջարկին։

Նշենք, որ «Ելք» դաշինքը որոշել է ավագանիում մեծամասնություն ձեւավորելուց հետո Երեւանի բյուջեում նոր հոդված ավելացնել: Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք»-ի հաղթանակից հետո, եթե սոցիալապես անապահով քաղաքացիները դիմում ներկայացնեն քաղաքապետարան եւ հայտարարեն, որ իրենք չեն վերցրել ընտրակաշառք, ապա սոցիալական աջակցություն կստանան: Դա օրինական կլինի եւ Երեւան քաղաքի բյուջեում կավելացվի «Սոցիալական աջակցություն ընտրակաշառքին հակադրված քաղաքացիներին» կետը:

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պարունակում է քրեորեն պատժելի արարք եւ իրավապահ մարմինները, կարծում եմ, հետեւում են քարոզարշավին  եւ իրենք պետք է այդ հայտարարությանը ընթացք տան։ Ես դատապարտում եմ նման հայատարությունը եւ գտնում եմ, որ դա կրկնում է այն արատավոր իշխանության գործունեությունը, որն այս պահին կա։  Փաշինյանը կողմ է քվեարկել 1000 դրամների նախագծին, նա դեմ է քվեարկել իմ բազմաթիվ նախագծերին հանձնաժողովներում , եւ բացի այդ, նա ապրիլի 2–ի խայտառակ ընտրությունները ճանաչել է լեգիտիմ եւ Սերժ Սարգսյանին չի ճանաչել որպես հանցագործի, մինչդեռ ապրիլի 2–ի ընտրությունները հանցագործություն էին մեր ողջ ժողովրդի հանդեպ»,–ասել է Զարուհի Փոստանջյանը։