Անգլիական Դարեմ քաղաքի ոստիկանությունը գործարկել է համակարգչային ծրագիր, որը արհեստական ինտելեկտի օգնությամբ պետք է ոստիկաններին օգնի որոշել, թե ում արժե պահել կալանքի տակ, իսկ ում կարելի է ազատ արձակել, հայտնում է BBC-ն։
Ալգորիթմը դասակարգում է ձերբակալվածներին՝ ըստ ռիսկի աստիճանի, թե ինչ հավանականությամբ նրանք կարող են կրկնահանցագործություն կատարել։ Harm Assessment Risk Tool (Hart) ծրագիրը ուսումնասիրել է 2008-2012 թթ․ իրականացված կալանավորումների մասին Դարեմի ոստիկանության տվյալները, այնուհետև գնահատել կրկնակի հանցագործության դիմելու ռիսկը՝ յուրաքանչյուր կալանավորվածի համար։
Պարզվել է, որ ալգորիթմը դեպքերի 98 տոկոսում կարողացել էր ճիշտ կանխագուշակել, որ ձերբակալվածը վտանգ չի ներկայացնում, եւ դեպքերի 88 տոկոսում էլ ճիշտ որոշել է «բարձր ռիսկի» խմբում գտնվող հանցագործներին։
Ծրագրի փորձարկման ընթացքում ոստիկանները հետեւել են Hart-ի եզրակացություններին, սակայն ալգորիթմի վճիռը չի ազդել կալանավորման մասին որոշում կայացնելու վրա, ասում է Դարեմի ոստիկանության ներկայացուցիչ Շինա Էրվինը։
Ամեն դեպքում այդ ծրագիրը կարող է լավ օգնական դառնալ այն դեպքերում, երբ ոստիկանությունը պետք է որոշի՝ արդյոք ձերբակալվածին եւս մի քանի ժամ պահի, թե նրան գրավով ազատ արձակի մինչեւ պաշտոնական մեղադրանք առաջադրելը։




























