Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այդ միջադեպի մասին իմացել է լուրերի թողարկումից, սակայն մենք սկզբնաղբյուրից տեղեկություններ չունենք, ու չենք մեկնաբանի այդ միջադեպը։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ շփման գծում տեղի ունեցած միջադեպը մեկնաբանելու՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքին ի պատասխան։
Նշենք, որ մայիսի 10-ին ադրբեջանական կողմից գնդակոծության հետեւանքով վիրավորվել էր «Շանթ» հեռուստաընկերության օպերատորը։
«Մենք կցանկանայինք հիշեցնել, որ կան ընդհանուր կանոններ, որոնք կիրառելի են թե ռազմական թղթակիցների, թե մյուս լրագրողների նկատմամբ, որոնք պաշտպանված են միջազգային հումանիտար իրավունքով։ Բոլոր ժամանակներում քաղաքացիական անձիք, այդ թվում լրագրողները, նաեւ քաղաքացիական օբյեկտները պետք է տարբերվեն զինվորականներից ու զինվորական թիրախներից, որպեսզի հնարավոր լինի խուսափել դրանք իրար հետ շփոթելուց ու գործնականում օգտվել միջազգային հումանիտար իրավունքի տրամադրած պաշտպանությունից»,- նշել է Ամատոնին։
Նրա խոսքով, լրագրողը մարտական գործողությունների գոտում վտանգավոր մասնագիտական առաջադրանք կատարելու ժամանակ քաղաքացիական անձ է հանդիսանում։ Լրագրողներին պաշտպանում են նույն ձեւով, ինչպես մնացած քաղաքացիական անձանց, այն պայմանով, որ նրանք չեն ձեռնարկում որեւէ գործողություն, որը կարող է սպառնալիքի տակ դնել նրանց քաղաքացիական կարգավիճակը։ «Ըստ միջազգային հումանիտար իրավունքի՝ լրագրողները կարող են կորցնել պաշտպանությունը, եթե նրանք անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին։ Բացի դրանից հակամարտ կողմերը պետք է հարգեն իրենց պարտավորությունը՝ հստակ տարանջատել քաղաքացիական անձանց ու զինվորականներին ու ձեռնարկել բոլոր հնարավոր կանխարգելիչ միջոցառումները՝ որպեսզի մարտական գործողությունների ժամանակ հարձակումները ուղղված լինեն միայն ռազմական թիրախներին»,- նշել է ԿԽՄԿ ներկայացուցիչը։




























