Հայաստանում OTT ծառայությունների իրավական հարցերը կատարելագործման կարիք ունեն։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Հայաստանի ինտերնետային թրաֆիկի ArmIX բորսայի տնօրեն Վահան Հովսեփյանը։
Հարցը բարդանում է նրանով, որ ծառայությունների զգալի մասը միջազգային օպերատորներն են տրամադրում։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես Skype-ը կամ WhatsApp-ը կհամաձայնեն հարկեր վճարել Հայաստանում։ Մյուս կողմից էլ, տեղի OTT- ծառայությունների պրովայդերները նույնպիսի հարկատուներ են, մյուսների նման։ Խոսքը ինտերնետային հեռուստատեսության, նաեւ Zangi մեսենջերի ու շատ այլ ծառայությունների մասին է։
Իսկ տեղի օպերատորները, որոնք հեռարձակում են ֆիլմեր կամ հաղորդումներ ու երաժշտություն, նաեւ հեղինակային իրավունքների համար են վճարում՝ համենայն դեպս պետք է վճարեն։ Բացի դրանից նրանք նաեւ հարկեր են վճարում։ Իսկ արտասահմանյան կոնտենտ- պրովայդերը, որը օգտատերեր ունի Հայաստանում, այստեղ չի վճարում ոչ հեղինակներին, ոչ հարկայինին։
«Խնդիրը նոր է ու արդիական։ Եվ Ռուսաստանում, եւ մյուս երկրներում։ Եվ դրա լուծման համար միասնական մոտեցում դեռ չկա։ Մեծամասամբ որովհետեւ պարզ չէ, թե ինչպես է պետք վարվել արտասահմանյան ծառայությունների հետ»,- պարզաբանել է Հովսեփյանը։
Այդ ու շատ ուրիշ հարցեր քննարկվում են պրոֆիլային նախարարությունների (արդարադատության, նաեւ տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների) ներկայացուցիչների հետ: Այդ հարցերը ծրագրվում է բարձրացնել ինտերնետային կառավարման ArmIGF ֆորումի ժամանակ 2017-ի աշնանը։



























