Մի խումբ ճապոնացի գիտնականներ մկների հազվագյուտ տեսակից սովորական մկներին ցողունային բջիջների (iPS-բջիջներ) փոխպատվաստման հաջող հետազոտություն են իրականացրել, որպեսզի դրանք հետագայում վերափոխվեն սեռական բջիջների։ Մասնագետների կարծիքով դա մեծ քայլ է կենդանական աշխարհի բազմազանությունը պահպանելու արդյունավետ միջոց ստեղծելու ճանապարհին։
Փորձի ընթացքում գիտնականները ստեղծել են բջիջներ՝ անհետացող տեսակի պատկանող մկան պոչից, որը բնակվում է միայն ճապոնական Ամամի կղզիներում։ Հետո այդ բջիջները մտցրել են սաղմի մեջ, որը տեղավորել են սովորական սպիտակ մկան արգանդում, դրա բնական զարգացման համար։ Արդյունքում լույս աշխարհ եկած սերունդի սեռական բջիջները ունեին Ամամի կղզու մկների գեներ, հետեւաբար հետագա խաչասերման ժամանակ կարող են ծնվել այդ հազվագյուտ տեսակի մկներ։
«Հուսով ենք, որ մեր ջանքերը թույլ կտան օրինակ 100 տարի անց բացել մի կենդանաբանական այգի, որտեղ ներկայացված կլինեն մեր մոլորակի բոլոր հազվագյուտ տեսակները»,- ասել է նախագծի հեղինակներից մեկը Արատա Խոնդան։
Ճապոնիայում ռեգեներատիվ բժշկությունը գիտության զարգացման առաջնային ուղղություններից մեկն է, iPS-բջիջները քիմիական որոշակի ներգործության դեպքում ունակ են վերածվել ցանկացած տեսակի բջիջների, ինչը տեսականորեն թույլ է տալիս աճեցնել հյուսվածքներ տարբեր օրգանների համար։ Այդուհանդերձ, շատ մասնագետների կարծիքով, աճեցված օրգանների փոխպատվաստումը կարող է հանգեցնել չարորակ ուռուցքների առաջացմանը։




























