ՀՀԿ–ական պատգամավոր Գալուստ Սահակյանն այսօր՝ մայիսի 14–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ   իր որդին նախընտրում է գործադիրում աշխատել, այդ պատճառով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։

«Ես ու իմ տղան եղել ենք ԱԺ–ում եւ շատ լավ աշխատել ենք, նման խնդիրներ գոյություն չունի, պարզապես ինքը ավելի մեծ տրամադրվածություն ունի գործադիրում աշխատել»,–ասել է նա։

Արման Սահակյանի եւ վարչապետի ոչ բարյացակամ հարաբերությունների վերաբերյալ հարցին ի պատասխան, նա վստահեցրել է, որ իր որդիների հետ որեւէ մեկը չի կարող տհաճ զրույց ունենալ. «Ես երկու որդի ունեմ, եւ որեւէ մեկը չի կարող իմ որդիներին տհաճ խոսակցությունների մեջ դնի, որովհետեւ նրանք բարեխիղճ են։  Ես էլ շատ մոտ հարաբերություններ ունեմ վարչապետի հետ»։

Հարցին՝ եթե իր թեկնածությունն առաջարկեն ԱԺ նախագահի պաշտոնում, կհամաձայնի՞, թե տեղի կզիջի երիտասարդ թեկնածուի, Գալուստ Սահակյանը պատասխանել է.  «Ազգային ժողովում մեծ փորձություն ունեցող մարդիկ պիտի լինեն, աշխարհի Ազգային ժողովներն են այդպիսին, բայց բնականաբար այն մոտեցումը՝ կուզե՞մ, թե չեմ ուզի, քննարկման արդյունքներից է կախված: Ես չեմ կարծում, որ իմ՝ ԱԺ նախագահ լինելու առումով մեծ դիրքորոշումներ են փոխվելու»: