«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի դուստրը Ավան համայնքում Տարոն Մարգարյանի շտաբի մոտ տեղի ունեցած քաշքշուկից հետո հոսպիտալացվել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զարուհի Փոստանջյանը։ Նա նշել է, որ դուստրը քաշքշուկի ժամանակ ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն դեռ չկա հետազոտության վերջնական արդյունքը, թե կոնկրետ ինչ վնասվածքներ է ստացել։
«Գլխի հարված ստացել է, սակայն դեռ հետազոտության արդյունքների մասին չգիտեմ, չեմ կարող ասել, ձեռքերին քերծվածքներ կային։ Սրանք ընտրություններ չեն, Հայաստանում դեռ մեզ չի հաջողվել կյանքի կոչել ընտրություն, ընտրական իրավունքի համար չկան ոչ հավասար, ոչ թափանցիկ, ոչ արդար պայմաններ»,–ասել է Փոստանջյանը։
Զարուհի Փոստանջյանը նշել է, որ «Երկիր ծիրանի» կուսակցությունը ընդունել է բանաձեւ, որտեղ հայտարարել է ազգային դիմադրության շարժում ստեղծելու անհրաժեշտության մասին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան Ավան թաղամասում գտնվող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում լարված իրավիճակ էր ստեղծվել: «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր մի քանի կողմնակիցների հետ մտել էր ՀՀԿ շտաբ եւ պահանջում էր բացել դարակները, որտեղ իր պնդմամբ, գտնվում են ընտրակեղծարարության փաստեր: ՀՀԿ-ի շտաբի աշխատակիցները, սակայն, հրաժարվում էին բացել դարակները:
Տարածքային կառույցի ղեկավարն էլ ոստիկանին խնդրել է այնպես անել, որ իրենց շտաբի բնականոն աշխատանքը կարգավորեն եւ իրենք հանգիստ շարունակեն իրենց գործունեությունը:
Ոստիկանության աշխատակիցները փորձել են բերման ենթարկել Զարուհի Փոստանջյանին, սակայն հետո կիսատ են թողել գործողությունը, փոխարենը իրենց հետ տարել էին նրա դստերը: Փոստանջյանը գնացել է դստեր հետեւից եւ ճանապարհին նկատել, որ ոստիկանական մեքենան կանգնած է, ոստիկանները նորոգում են, իսկ աղջիկը՝ մեքենայից դուրս սպասում է: Փոստանջյանը իջել էր մեքենայից, դստերը վերցրել ու իր հետ տարել: Ոստիկանները չէին խոչընդոտել:











