Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպ է գրանցվել Ավանում Տարոն Մարգարյանի շտաբերից մեկում: «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարն իր թիմակիցների եւ դստեր՝ Լիլիթ Դրամփյանի հետ գնացել է ՀՀԿ-ի շտաբ ու պահանջել բացել պահարաններից մեկը: Նրանց պնդմամբ՝ ահազանգ են ստացել, որ երեկ երեկոյան ընտրակաշառք են բաժանել այս շտաբում, եւ այս դարակներում դրանց մասին փաստեր կան, որոնք պետք է հրապարակվեն:

Իրավապահները նշել են, որ հաղորդումն ընդունված է եւ Երկիր Ծիրանիի անդամներին խնդրում են հեռանալ տարածքից: Ընդդիմացող Զարուհի Փոստանջյանին եւ նրա դստերը ոստիկանները ի վերջո բռնի ուժով են դուրս բերել շտաբի տարածքից:

Ոստիկաններին ոչ մի կերպ չի հաջողվել Զարուհի Փոստանջյանին մեքենա նստեցնել, մինչդեռ նրա դստերը՝ Լիլիթին, ոստիկանական մեքենայով հեռացրել են տարածքից: Ոստիկանական բաժանմունք հասնել, սակայն, չեն կարողացել. ճանապարհին ոստիկանության մեքենան փչացել է: Զարուհի Փոստանջյանի դստերը հիվանդանոց են տեղափոխել, նրան հետազոտում են:

Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Սեւակ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում պնդել է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ բռնություն չի կիրառվել: Ոստիկանությունն էլ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբից ահազանգ են ստացել Զարուհի Փոստանջյանի եւ նրա կողմնակիցների կողմից շտաբի տարածք ապօրինի ներխուժման վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ Փոստանջյանին շտաբի տարածքից դուրս բերելը օրենքից է բխել, նրա դստերն էլ բերման չեն ենթարկել:

Իսկ լրագրողները, դիտորդներն ու քաղաքական ուժերի վստահված անձինք մի շարք տեղամասերում ընտրախախտումների մասին են հայտնում: Տեղամասերից մեկում լրագրողները նկատել են, որ մի ընտրող արդեն ընտրված քվեաթերթիկով է ներկայացել, իսկ հետո պատռել է տեղամասում տրված մաքուր քվեաթերթիկը:

Թիվ 5/7 ընտրատեղամասում քվեարկված քվեաթերթիկով ընտրողի ներկայանալու դեպք է արձանագրել նաեւ «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության անդամը:

Կոնդում էլ լրագրողները փորձել են մտնել ՀՀԿ-ի շտաբերից մեկը, սակայն մի կին թույլ չի տվել՝ պատճառաբանելով, որ իր բնակարանն է եւ հյուրեր չի ընդունում: Նկարահանող խումբն ու «Ելք» դաշինքի ներկայացուցիչը, ամեն դեպքում, մտել են տուն, որտեղ գտնվողներն էլ, հավանաբար տեղյակ չլինելով իրենց գործընկերուհու հիմնավորման մասին, հայտարարել են, որ դա գրասենյակ է:

Ընտրախախտում է արձանագրել, իսկ հետո ավանդական ձեւով բողոքն արտահայտել Վարդգես Գասպարին: Նա «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում դիտորդական առաքելություն է իրականացնում «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից: Գասպարին թիվ 9/23 տեղամասի առջեւ պառկել է գետնին եւ պատմել իր արձանագրած խախտումների եւ իր դեմ իրականացված գործողությունների մասին:

Ոստիկանությունը հայտարարել է, որ Երեւանի վարչության ստորաբաժանումներում արձանագրվել է ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 9 դեպք: Բոլորը ստուգման փուլում են:

Նշենք, որ մայիսի 14-ին անցկացվող Երեւանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնում 17 տեղական կազմակերպություն՝ ավելի քան հինգ հազար դիտորդով եւ մեկ միջազգային կազմակերպություն՝ տասը դիտորդով: Հավելենք նաեւ, որ Երեւանի ավագանու ընտրություններում ընտրողների ցածր մասնակցություն է գրանցվել: Ժամը 17:00-ի դրությամբ՝ մասնակցությունը կազմել է 34.52%: