Նախօրեին ՀՀԿ-ի շտաբներից մեկում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպը չի ստվերի ընտրական գործընթացը: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Եթե նայում ենք այդ գործելաոճը, իսկ դա սկսվել էր դրանից դեռ մեկ օր առաջ, երբ հայտարարել էր, որ սեյֆի տեղափոխում է կատարվում: Գիշերը տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը եղավ տեղամասային ընտրական հանձնաժողովում, կային ներկայացուցիչներ «Ելք»-ից, «Երկիր Ծիրանիից», իրավապահներ: Պարզ դարձավ բոլորին, որ այդ չհրկիզվող պահարանը որեւէ կապ չուներ այն պահարանի հետ, որտեղ պահվում էին ընտրական գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը: Դրանից հետո հնչե՞ց հերքում իրենց կողմից, իհարկե ոչ»,-ասաց նա:

Անդրադառնալով Փոստանջյանի կողմից ՀՀԿ շտաբ այցելելուն, Մուկուչյանն ասաց. «Շտաբները բացվում են, որ քաղաքական ուժերը կարողանան իրականացնել իրենց գործունեությունը: Ասեկոսեների, ենթադրությունների հիմքով մուտք գործել որեւէ կուսակցության շտաբ, պարալիզացնել աշխատանքը, անընկալելի է: Ընտրական գործընթացը չպետք է դիտել որպես ականապատված դաշտ, որտեղ աննշան քայլը կարող է անդառնալի կորուստների բերել: Իհարկե, կարող են լինել միջադեպեր, դրանց պետք է գնահատականներ տրվեն: Դա միջադեպ էր, որը տեղի ունեցավ տեղամասերից դուրս»:

Ինչ վերաբերում է ընտրական գործընթացին, Մուկուչյանն ընդգծեց, որ իրենց եզրակացությունը մեկն՝ ընտրական գործընթացն ընթացավ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ մայիսի 14-ին, երբ Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ մտել էր Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբ, նրանց նկատմամբ բռնություն էր գործադրվել նախ՝ Փոստանջյանի պնդմամբ, ՀՀԿ ներկայացուցիչների, այնուհետեւ՝ ոստիկանների կողմից: Փոստանջյանին փորձել էին բերման ենթարկել, սակայն ավարտին չէին հասցրել գործողությունը, իսկ նրա դստերը ոստիկանական մեքենաներով տարել էին: