Հաքերային WannaCry վիրուսը, որը նախկինում կաթվածահար էր արել ավելի քան 150 երկրի հաստատությունների եւ ընկերությունների համակարգչային համակարգերը, շարունակում է տարածվել ասիական երկրներում, հաղորդում է Associated Press-ը:

Ճապոնական ոչ կառավարական JPCERT կազմակերպության տվյալներով՝ նոր կիբերգրոհի թիրախ են դարձել Ճապոնիայի ավելի քան 2000 համակարգիչներ: Ընդ որում՝ հաքերները չեն գրոհել Ճապոնիայի պետական հաստատությունների վրա, բայց վիրուսի հետ բախվել են այնպիսի խոշոր ընկություններ, ինչպիսիք են Nissan Motor-ն ու Hitachi-ն: Nissan Motor-ը հայտարարել է, որ կիբերգրոհը մեծ վնաս է հասցրել ընկերությանը:

Անվտանգության եւ համացանցի հարցերով կորեական գործակալությունից նույնպես հայտնել են, որ հարավկորեական առնվազն հինգ ընկերություն գրոհի է ենթարկվել, այդ թվում՝ երկրում խոշորագույն CJ CGV կինոթատրոնների ցանցը:

Չիաստանում տուժել են հարյուր հազարավոր համակարգիչներ՝ 30 հազար համալսարաններում եւ կրթական այլ հաստատություններում: Գրոհի են ենթարկվել նաեւ առեւտրի  ու գրասենյակային կենտրոնները, հիվանդանոցները եւ այլն:

WannaCry վիրուսային ծարգիրն առնվազն 200 հազար համակարգիչ է արգելափակել 150 երկրում: Արգելափակումից հանելու համար զոհերից պահանջվում է 200-600 դոլար, որն առաջարկվում է փոխանցել նշված հաշիվներին՝ բիթքոինով: