Թաիլանդացի ծրագրավորող Չանվիտ Կեոկասին ստեղծել է մի ծրագիր, որը արգելափակում է Wanna Cry դրամաշորթ-վիրուսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ծրագրավորողը սկզբում իր ստեղծած ծրագիրը հաջողությամբ փորձարկել է այն համալսարանում, որտեղ դասավանդում է, որից հետո այն անվճար ներբեռնման համար տեղադրել համացանցում։ Այն արդեն մի քանի տասնյակ հազար օգտատերեր են ներբեռնել աշխարհի տարբեր երկրներից։

Որոշ աղբյուրներ հավաստիացնում են, որ մայիսի 12-ից առայսօր Թաիլանդում վարակվել է ավելի քան 200 համակարգիչ, սակայն խնդիրը հաջողվել է լուծել ՏՏ մասնագետների ու ոստիկանության աշխատակիցների օգնությամբ՝ առանց փրկագին վճարելու։

Ավելի վաղ Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնռայթը հայտնել էր, որ մայիսի 12-ից սկսված զանգվածային կիբերհարձակումից տուժել են աշխարհի 150 երկրների ավելի քան 200 հազար օգտատերեր։ Avast հակավիրուսի մշակողները հայտնել են, որ վիրուս- դրամաշորթը առաջին հերթին տարածվում է Ռուսաստանում, Ուկրաինայում ու Թայվանում։ «Կասպերսկու լաբորատորիայի» տվյալներով, վարակման ամենաշատ փորձերը Ռուսաստանում են գրանցվել։