Այսօր` նոյեմբերի 22-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում Չարենցավանի ոստիկանությունում կասկածելի հանգամանքներում Վահան Խալաֆյանի մահվան գործով դատաքննության ժամանակ վերջին խոսքով հանդես է եկել ամբաստանյալներից ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին Աշոտ Հարությունյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա իր ճառում փորձում էր արդարացնել Խալաֆյանի նկատմամբ կատարած իր գործողությունները՝ պատճառաբանելով, ինքն առանց իր անմիջական վերադասների չէր կարող որեւէ գործողություն իրականացնել:

Ա. Հարությունյանի ճառը տեւեց մեկ ժամից ավել, սակայն դահլիճում նստած ե՜ւ նրա հարազատները, ե՜ւ Խալաֆյանները, որոնք սպասում էին, որ նա այս անգամ կտա իրական մեղավորների անունները, այդպես էլ դա չլսեցին:

Նրա ճառից հետո միջնորդությամբ հանդես եկավ Խալաֆյաննների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, ով պնդեց, որ Վահան Խալաֆյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել է գործով ամբաստանյալ Մորես Հայրապետյանը:

Երբ դատավորը հայտարարեց, որ վճիռը կհրապարակվի նոյեմբերի 29-ին, մեղադրող Կորյուն Փիլոյանը սպանված Վահան Խալաֆյանի հորեղբորը՝ Համիկ Խալաֆյանին վիրավորեց, նրան մեղադրելով «ինչ-որ մարդկանց ձեռքին գործիք լինելու» մեջ:

«Գործիքը դուք եք, մարտի 1 սարքեցիք պրծաք, հիմա էլ էս գործն եք ուզում կոծկեք»,- հակադարձեց Համիկ Խալաֆյանը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի