Ադրբեջանում վիրավորվել են «Համառուսական ադրբեջանական կոնգրեսի» գործունեությունը դադարեցնելու ռուսական կողմի որոշումից։ Մեկնաբանելով նման որոշումը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը թվել է կազմակերպության «ծառայությունները», ապա հայտարարել, որ Ադրբեջանում «Կոնգրեսի դեմ նման խտրականությունը որպես ոչ բարեկամական քայլ» են ընկալում։
«Կարծում ենք, որ նման մոտեցումը ոչ միայն չի ծառայում Ռուսաստանի միջազգային ուժերի հավասարակշռությանը, երկրում անցկացվող բարեփոխումների կոնցեպցիային, միջմշակութային երկխոսության ամրապնդմանը, այլեւ ադրբեջանա-ռուսական հարաբերություններում քաղաքական ռեզոնանսի պատճառ չի դառնա։ Այս քայլը մենք գնահատում ենք որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ հանդիսացող անձանց նկատմամբ խտրականություն եւ կողմնակալ վերաբերմունք՝ ըստ նրանց ազգային պատկանելության։ Իհարկե, եթե եզրակացնենք, որ հայկական սփյուռքի շրջանակը ուժեղ ազդեցություն ունի Ռուսաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա, ապա, անկասկած, ռուս-ադրբեջանական միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարին նման սպառնալիքը ափսոսանքի պատճառ կդառա», - հայտարարել է Հաջիեւը։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը ուղղակիորեն շանտաժի անցնելով՝ ասել է. «Ռուսաստանի Դաշնությունը, որպես երկար տարիներ հայ-ադրբեջանական, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների գործընթացում հիմնական միջնորդներից մեկը, իր վրա կարեւոր պարտականություններ է վերցրել։ Այդ պարտականությունների բարեխղճորեն կատարումը նաեւ պահանջում է, որ միջազգային հարաբերությունների կարգավորման հարցում հավասարակշռություն պահպանվի, չխախտվի արդարության սկզբունքը։
«Համառուսական ադրբեջանական կոնգրեսը» փակելը եւ Ռուսաստանում հայերի միությանը լիակատար աջակցությունն ընկալվում է որպես անհավասար վերաբերմունք ՌԴ հայազգի եւ ադրբեջանցի քաղաքացիների միջեւ, ինչը բացասական կարող է ազդել հայ-արդբեջանական, արցախյան հակամարտության կարգավորման ՌԴ միջնորդական դերի վրա»։




























