Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 18-ին, «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց՝ ինչու ԱԺ նախագահի քվեարկության ժամանակ չեն քվեարկել Էդմոն Մարուքյանի օգտին:
«Այս պահին խորհրդարանում կա երկու ընդդիմադիր խմբակցություն: Նրանց պատգամավորների ընդհանուր թիվը կազմում է 40, մինչդեռ Էդմոն Մարուքյանի օգտին քվեարկել է ընդամենը 12 պատգամավոր: Ինչո՞ւ»,- Միքայել Մելքումյանին դիմեց Նիկոլ Փաշինյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը նշեց, որ իրենք այդ հարցը քննարկել են խմբակցությունում եւ քաղաքական որոշում կայացրել, որ ազատ են թողնելու պատգամավորներին:
«Յուրաքանչյուրը քվեարկել է խղճի մտոք, այնպես, ինչպես գտնում է նպատակահարմար»,- ասաց Մելքումյանը:
Նիկոլ Փաշինյանը հեգնեց՝ տարօրինակ եւ ցավալի է, որ ընդդիմադիր խմբակցության անդամների խիղճը նրանց տարել է դեպի Հանրապետական:
Նշենք, որ առաջադրված Արա Բաբլոյանի օգտին քվեարկել է 88 պատգամավոր, իսկ Էդմոն Մարուքյանի՝ 12:











