Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Թուրքական Zaman-ի հաղորդմամբ՝ երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հետ կապված խնդիրներ։

Թուրքական պարբերականը նկատել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական պատվիրակության՝ Սիրիա կատարելիք այցից առաջ։

NEWS.am-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 22-ի երեկոյան եռօրյա պաշտոնական այցով Սիրիա է մեկնել  Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Հովիկ Աբրահամյանը Դամասկոսում հանդիպումներ կունենա Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի, Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի, վարչապետ Նաջի Օտրիի հետ: Հովիկ Աբրահամյանը ելույթ կունենա Սիրիայի Ժողովրդական ժողովի նստաշրջանում: Այստեղ տեղի կունենա Հայաստանի եւ Սիրիայի պատվիրակությունների ընդլայնված նիստ,  երկու երկրների խորհրդարանների նախագահները կստորագրեն   փոխըմբռնման հուշագիր: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ  Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդարան: