Այս անգամ հայկական կողմի ապացուցողական բազան այնքան ուժեղ էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պարզապես մանեւրելու տարբերակ չուներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին հայտարարությանը՝ նշեց «Ելք» դաշինքից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա ողջունեց միջնորդների հայտարարությունը, որում հստակ արձանագրվել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստը:

«Եթե համեմատենք ԵԱՀԿ ՄԽ-ի նախորդ հայտարարությունների հետ, այստեղ հավասարության նշան չի դրվում: Նշվում է հստակ կողմը, որը խախտել է պայմանավորվածությունը»,- ընդգծեց Մարուքյանը: Նրա խոսքով՝ այս հայտարարությունը պայմանավորված է Ադրբեջանի լկտի պահվածքով:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում հրադադարի ռեժիմի վերջին խախտումները եւ կողմերին կոչ են արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության գոտում իրադրության հետագա սրումը կանխելու համար:

«Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան եւ հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում եւ տագնապի առիթ են»,- ասված է եռանախագահների հայտարարությունում: