Ադրբեջանը միանշանակ ցույց տվեց, որ իրեն չի կարելի վստահել՝ նա սեփական խոստումները չի հարգի եւ կատարի: Մայիսի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի վերջին խախտումերին եւ ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծում «Սպայկ» կառավարվող հրթիռների կիրառմանը:
Հետեւաբար, նրա համոզմամբ, անտրամաբական է ադրբեջանական կողմին ենթադրյալ զիջումներ կատարելը: «Այո՛, ԵԱՀԿ Մինսկի խումբը հասցեական հայտարարություն կատարեց, բայց, ըստ էության, մենք մեկ միավոր ռազմական տեխնիկա ենք կորցրել: Սա անպատժելիության զգացման հետեւանքն է: Ադրբեջանն այն կարգի երկրներից չէ, որի հետ հնարավոր է պայմանավորվել: Այնպիսի երկրները, ինչպիսին Ադրբեջանն է, հասկանում են միայն պատժի լեզուն»,- շեշտեց Արա Պապյանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում հրադադարի ռեժիմի վերջին խախտումները եւ կողմերին կոչ են արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության գոտում իրադրության հետագա սրումը կանխելու համար:
«Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան եւ հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում եւ տագնապի առիթ են»,- ասված է եռանախագահների հայտարարությունում:





























