Հայաստանի ինտերետային թրաֆիկի ArmIX բորսան առաջարկում է ստեղծել տարածաշրջանային քեշ եվրոպական գիտական ռեսուրսների համար։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է բորսայի տնօրեն Վահան Հովսեփյանը։
ԵՄ-ն արդեն իսկ ֆինանսավորում է Ֆրանկֆուրտի ու տարածաշրջանի երկրների գիտական հաստատությունների միջեւ կապի արագընթաց ուղին ։ Հայաստանում դա Գիտությունների ազգային ակադեմիան է, իսկ Վրաստանում՝ Կրթական ու հետազոտական ցանցերի ասոցիացիան եւ այլն։
Հիմա ArmIX-ը առաջարկում է քեշավորել գիտական ռեսուրսները տարածաշրջանային մակարդակի վրա, որպեսզի դրանց համար ոչ թե Ֆրանկֆուրտից հարցում արվեն, այլ ավելի մոտ վայրից։ Դա կնվազեցնի ծանրաբեռնվածությունը արտաքին ուղիների վրա ու կբարձրացնի կապի արագությունը։
ArmIX-ը եւս մեկ նախագիծ է պատրաստում համալսարանների ու դպրոցների տեխնիկական աջակցության համար։
«Ժամանակին մեր ArmIX բորսային շատ է օգնել Ամստերդամի ու Համբուրգի գործընկերների սարքավորումը։ Այն մեզ նվիրել էին։ Նրանց չափանիշներով այն արդեն հնացած էր, բայց մեզ այն շատ անհրաժեշտ էր։ Նման օգնությունը շատ տեղին կլիներ մեր դպրոցների ու համալսարանների համար, որտեղ ցանցային սարքավորումների պակաս կա»,- նշեց Հովսեփյանը։
ArmIX-ը մտադիր է աշխատախումբ ստեղծել, որը մինչեւ տարեվերջ իր խնդրանքներն ու առաջարկները ծրագրի տեսքով կներկայացնի Euroix թրաֆիկի եվրոպական բորսային ու մյուս գործընկերներին։





























