ՀՀՇ կուսակցությունից ոչ ոք դուրս չի եկել: Այսօր` նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, հավելելով, որ թեեւ ՀՀՇ երիտթեւից դուրս գալու դիմումներ է ներկայացրել 26 մարդ, բայց նրանցից ոչ ոք քաղաքական դրդապատճառ չի ներկայացրել: Նրա խոսքով, դիմումատուները բոլորն էլ մնացել են ՀՀՇ կուսակցությունում. Նրանց մի մասն արդեն 35-45 տարեկան են եւ չէին կարող մնալ կուսակցության երիտթեւում, մի մասը բանակ է գնացել, իսկ մի քանիսն էլ հետ են վերցրել իրենց դիմումները:
«ՀՀՇ-ն այնքան ազատ է, որ ով ուզում՝ մտնում է, ով ուզում՝ դուրս է գալիս։ Կարծում եմ՝ երիտասարդների մի մասը զուտ ընկերասիրությունից է դա արել»,- նշել է Արամ Մանուկյանը, նկատելով, որ բոլոր 26 դիմումներում էլ նույն տեքստն է եղել:
Հարցին, թե արդյոք, երիտթեւի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հե՞տ են ընկերություն արել, նման դիմումներ գրելով, Ա. Մանուկյանն արձագանքեց. «Կարեն Կարապետյանը 36 տարեկան է, նա տարիներ առաջ պետք է դուրս գար, մենք մի 6 ամիս առաջ խոսել ենք դրա մասին։ Ինձ մի քաշեք մի դաշտ, որտեղ իսկապես չեմ ցանկանում գալ»:
ՀՀՇ վարչության նախագահի ներկայացմամբ, անցած չորս ամիսների ընթացքում շուրջ 140 մարդ է անդամագրվել ՀՀՇ-ին, որից 60-65-ը երիտասարդներ են: Ըստ նրա, այս ընթացքում տարածքային կառույցների ուժեղացման ու ակտիվացման ուղղությամբ լուրջ քայլեր են արվել եւ մինչեւ տարեվերջ ՀՀՇ-ն 5 նոր կառույց կունենա:





























