«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այս տարի արդիականացրել է բաշխիչ ցանցերի 17 ենթակայաններ։ Ներդրումային ծրագիրը կազմել է 45 մլն դոլար, որից 35 մլն-ը ֆինանսավորել է կառավարությունը, իսկ 10 մլն-ը՝ ՀԵՑ-ը։ Այս մասին Աբովյանի արդիականացված ենթակայանի բացման ժամանակ  նշեց «ՀԵՑ»-ի սեփականատեր ИНТЕР РАО ЕЭС ընկերության վարչության նախագահ Բորիս Կովալչուկը։ Ըստ նրա՝ ենթակայանները վերազինվել են չինական արտադրանքի նոր տեխնիկայով, եւ այժմ համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Բացման արարողությանը ներկա Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ կառավարությունը ներդրումային ծրագրի համաֆինանսավորման համար 35 մլն դոլար վարկ է վերցրել Ճապոնական զարգացման բանկից։ «Կարծում եմ այս ներդրումը արդարացված է, քանի որ բաշխիչ ցանցերի արդիականացումն անհրաժեշտություն է»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ գործադիրը շարունակելու է համագործակցել ՀԵՑ-ի հետ։

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ 2011-ին ցանցի արդիականացումը շարունակվելու է։ Կկատարվի մոտ 70 մլն դոլարի ներդրում։

ИНТЕР РАО ЕЭС ընկերության վարչության նախագահ Բորիս Կովալչուկի խոսքով՝ գումարներն ուղղվելու են վերգետնյա էլեկտրական ցանցի արդիականացմանը, ինչպես նաեւ Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով 3 ենթակայանի տեղափոխման աշխատանքին։

Նշենք , որ Հայաստանում կա 101 ենթակայան։