Alibaba Group-ի լոգիստիկ ստորաբաժանումը՝ Cainiao-ն, հրապարակել է չինացի ավտոարտադրողների հետ 1 մլն ինտելեկտուալ բեռնատարների արտադրության ծրագիրը։ Այդ բեռնատարները սարքավորված են լինելու առաջադեմ ինտերնետային տեխնոլոգիաներով, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Սմարթ բեռնատարների հաշվողական համակարգը վերլուծելու է պատվերները իրական ժամանակի ռեժիմում ու մշակելու է ավելի արդյունավետ երթուղիներ պատվերների արագ առաքման համար ։ Նոր տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր կդառնա կրճատել ծախսերը ու նվազեցնել էներգիայի սպառումը, ենթադրում են ընկերությունում։
Մեքենաների փորձարկումները սկսվել են ապրիլին Շենչժեն ու Չենդու քաղաքներում։ Սմարթ բեռնատարների երթուղիների երկարությունը 30 տոկոսով կարճացել են, իսկ ծախսերն էլ՝ 20 տոկոսով նվազել։ Cainiao-ն համագործակցում է SAIC Motor, Dongfeng Motor եւ Reach Rental ավտոարտադրողների հետ։
Cainiao-ն Չինաստանի ամենախոշոր լոգիստիկ ընկերություններից է, որը առաքում է Alibaba ինտերնետային հարթակով պատվիրված ապրանքները։ Ընդ որում երկրի էլեկտրոնային առեւտրի 80 տոկոսը բաժին է հասնում հենց Alibaba-ին։





























