Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը երջանիկ է, որ կարողացել է հաղթանակով վերադառնալ մանկական «Եվրատեսիլ-2010» միջազգային մրցույթից:

«Ես երջանիկ եմ, որ որ  Հայաստանի դրոշը հերթական անգամ բարձրացվել է միջազգային մրցույթում: Ես հպարտ եմ, որ ներկայացրել եմ Հայաստանը»,- Երեւանում կայացած ասուլիսում ասաց Արզումանյանը, հավելելով, որ համերգի ժամանակ չի հուզվել: Իսկ ահա, քվեարկության ժամանակ, երբ այդքան մոտ հաղթանակը կարող էր մրցակցին բաժին հասնել, ըստ նրա, լարվածությունն ու հուզմունքը գագաթնակետին էին հասել:  

12-ամյա երգիչն իր շնորհակալությունը հայտնեց բոլորին, ովքեր քվեարկել են իր եւ Հայաստանի օգտին: Հարցին, թե ի՞նչ հոբբի ունի, Արզումանյանը պատասխանեց, որ սիրում է կարդալ, հատկապես պատմական ստեղծագործություններ, ինչպես նաեւ անտարբեր չէ մաթեմատիկայի նկատմամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը նոյեմբերի 20-ին Մինսկում կայացած մանկական «Եվրատեսիլ-2010» մրցույթում գրավել է առաջին տեղը: Նա կատարել է «Մայրիկ» երգը: Նշենք, որ մրցույթին մասնակցել են 14 երկրների 10-15 տարեկան կատարողներ, այդ թվում Բելառուսից, Բելգիայից, Վրաստանից, Լատվիայից, Լիտվայից, Մակեդոնիայից, Մալթայից եւ այլ երկրներից: