Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն  այսօր` նոյեմբերի 23-ին Արմավիրի մարզում ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Անդրեասյանի ուղեկցությամբ ծանոթացել է Համաշխարհային բանկի Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի շրջանակում Թալինի մայր ջրանցքի վերականգնման աշխատանքների ընթացքին:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդեն իրականացվել է այդ աշխատանքների շուրջ 70 տոկոսը: Աշխատանքները կատարվում են համաձայն ժամանակացույցի եւ կավարտվեն նախատեսված ժամկետներում` 2011թ. ապրիլին: Ա. Գեւորգյանը կարեւորել է աշխատանքների որակն ու ժամանակին իրականացումը` ընդգծելով  ջրանցքի նշանակությունը գալիք ոռոգման շրջանի անխափան կազմակերպման գործում:

Ջրանցքի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2009թ. նոյեմբերից: Ծրագրի ընդհանուր արժեքը 36,3 մլն դոլար է, նախատեսվում է վերականգնել 59 կմ ջրատար: