Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր` նոյեմբերի 23-ին ներկա է գտնվել Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական տարին եզրափակող միջոցառմանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հոբելյանի առիթով` «Կոմիտասին...» համերգ-ներկայացումից բացի, Կամերային երաժշտության տանը կայացել է «Կոմիտաս, կյանքը եւ գործը» էլեկտրոնային գրքի` մուլտիմեդիա սկավառակի շնորհանդեսը, ցուցադրվել են  Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունները ներկայացնող խտասկավառակներ եւ գրքեր` «Կոմիտասը ժամանակակիցների հուշերում» երաժշտական մատենաշարը,  Կոմիտաս վարդապետին նվիրված պատկերազարդ ալբոմ-ընծայագիրքը,  խմբերգերի եւ մեներգերի  ընտրանիները, Հայաստանի կամերային պետական երգչախմբի կատարմամբ Կոմիտասի աշխարհիկ եւ հոգեւոր ողջ խմբերգային ընտրանին:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Սերժ Սարգսյանը հանդիպել է հոբելյանական երեկոն ունկնդրելու եկած «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում առաջին տեղը զբաղեցրած Վլադիմիր Արզումանյանին եւ նրա հետ ելույթ ունեցած պարային խմբի անդամներին:

«Մանկական Եվրատեսիլ 2010»-ում Հայաստանն արժանվույն ներկայացնելու եւ փայլուն հաղթանակի համար երկրի ղեկավարը Վլադիմիր Արզումանյանին պարգեւատրել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով: Այնուհետեւ Սերժ Սարգսյանը նրան եւ պարային խմբի անդամներին հանձնել է նվերներ` մաղթելով, որպեսզի այդ առաջին հաջողությունը նրանց կյանքի վերելքի սկիզբը լինի: