Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի  (ԵՊԲՀ)  90-ամյակին նվիրված հոբելյանական միջացառումների շրջանակում այսօր` նոյեմբերի 23-ին բացվել է ԵՊԲՀ բժշկական ուլտրաախտորոշման լաբորատորիան, որին ներկա է եղել նաեւ ՀՀ փոխվարչապետ, համալսարանի 90-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը:

Լաբորատորիան ԵՊԲՀ գործող լաբորատոր-ախտորոշիչ կենտրոնի մի մասն է եւ գտնվում է համալսարանական առաջին հիվանդանոցային համալիրի տարածքում: Լաբորատորայի ժամանակակից նորագույն սարքավորումները, որոնք թույլ են տալիս շատ արագ ստանալ մոտ 100 ճշգրիտ ախտորոշիչ տվյալներ սրտանոթային, ժառանգական, ուռուցքային, ինֆեկցիոն, վիրուսային հիվանդությունների վերաբերյալ եւ հետազոտել օրական 300 հիվանդի, ձեռք են բերվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական օժանդակությամբ:

Ծրագրի ընդհանուր արժեքը, այդ թվում արտերկրում մասնագետների ուսուցումը եւ  կատարելագործումը,  400.000 դոլար է, որի 30 տոկոսը տրամադրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ընկերությանը օժանդակության համար` նկատելով, որ ժամանակակից սարքավորումների առկայությունը կնպաստի ոչ միայն ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը, այլեւ բարձրորակ բուժծառայությունների մատուցմանը: