Առանցքային բառերի՝ ինչպիսի եւ ինչ քանակությամբ, լցոնումը այլեւս երաշխիք չէ Google-ում կայքի առաջմղման համար։ NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Simple Solutions ընկերության հիմնադիր ու տնօրեն Գոռ Կարապետյանը, Երեւանում BarCamp ՏՏ ֆորումի ժամանակ։ Google-ը պարբերաբար թարմացնում է կայքերի դուրս բերման ռազմավարությունը։ Դրա համար էլ նրանք, ովքեր հմտորեն խաղում են առանցքային բառերով ու նախկինում «ալիքի վրա էին», հիմա ներքեւ են իջնում։ Google-ը առանցքային բառերից անցնում է առանցքային կոնցեպտների ու փորձում է ավելի լավ ճանաչել բնական գրված տեքստերը, հավելել է նա։
Google-ը խաբելու փորձերը նույնպես երկարակյաց չեն, հավելել է Կարապետյանը։ Կան միջոցներ այնպես անել, որ օգտատերը տեսնի մի բան, իսկ Google բոթը՝ առանցքային բառերի հավաքածու, որպեսսզի կայքն ունենա բարձր դիրք։ Հայաստանում նույնպես նման փորձեր եղել են։ Բայց որոնիչները ճանաչում են դրանք ու նման կայքերը ներքեւ են իջեցնում։
Ինչ վերաբերում է կայքի ու Ֆեյսբուքյան էջի միջեւ ընտրությանը, ապա հաճախ բիզնեսը, մանավանդ սկսնակը, սահմանափակվում է երկրորդով։
«Այնտեղ արդեն կարելի է ստեղծել բիզնեսի համար գրեթե լիարժեք էջ՝ «Ընկերության մասին», «Ծառայություններ», «Արձագանքներ» բաժիններով եւ այլն։ Այսօնքն լրիվ անվճար էջ ։Բայց այն երեւում է միայն Facebook-ի սահմանում։ Որոնիչը կարող է այն դուրս բերել, բայց առանց լրացուցիչ տեղեկությունների։ Հետեւաբար այնտեղ ավելի քիչ մարդիկ կայցելեն։
Դրա համար էլ պետք է ուսումնասիրել սեփական նպատակային լսարանը։ Փաստ չէ, որ ձեր բոլոր պոտենցիալ հաճախորդները օգտվում են կամ միայն Facebook-ից, կամ էլ միայն որոնիչներից»,- նկատեց Կարապետյանը։





























