Գերմանական Վիտտենբերգ քաղաքում հայտնվել է ռոբոտ հոգեւորական, որն օրհնում է հավատացյալներին ու Աստվածաշունչ կարդում, հայտնում է Daily Mirror-ը։

Հեսսենի ու Նասսաուի Ավետարանչական եկեղեցու կողմից մշակված ռոբոտի մետաղական կառուցվածքի մեծ մասն էկրանն է զբաղեցնում։ Ռոբոտը ողջունում է օգտատերերին ու առաջարկում ընտրել ձայնն ու օրհնանքի տեսակը։ Դրանից հետո նա ձեռքերը դեպի երկինք է պարզում ու ասում․ «Թող օրհնի ու պաշտպանի քեզ աստված»։ Հետո հնչում է մեջբերում Աստվածաշնչից, որը ցանկության դեպքում կարելի է տպել։

Եկեղեցու ներկայացուցիչ Սեբաստիան դոն Գերենը խոստովանել է, որ ռոբոտ հոգեւորականը հակասական արձագանք է առաջացրել։ Հավատացյալների կեսին նա դուր է եկել, իսկ մյուս կեսին՝ ոչ։ Գերենը վստահեցնում է, որ ռոբոտը հատկապես հետաքրքրել է այն մարդկանց, ովքեր հեռու են կրոնից։ Հիմա շատերը ամեն առավոտ ու երեկո գալիս են ռոբոտի մոտ։

Վիտտենբերգ քաղաքը, որտեղ տեղադրվել է ռոբոտը, կարեւոր դերակատարում է ունեցել քրիստոնեության պատմության մեջ։Այստեղ է գտնվում այն եկեղեցին, որի դռներին աստտվածաբան Մարտին Լյութերը փակցրել էր ինդուլգենցիայի վաճառքի դեմ իր թեզիսները, դնելով բողոքական Ռեֆորմացիայի սկիզբը։