Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  վերջին 3 տարվա ընթացքում վերանորգվել եւ կոնսերվացվել են`(կոնսերվացումը հուշարձանների ժամանակավոր պահպանումն է) 3 մզկիթներ` Շուշիի Վերին մզկիթը, Ստորին մզկիթը եւ Աղդամի մզկիթը,  ինչպես նաեւ Շուշիի Վագիֆի մեդրեսեն ու Մեհ Մանդարովի աղոթարանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջությանն վարչության  պատմամշակութային  հուշարձանների վերանորոգման եւ օգտագործման բաժնի պետ Արման Գրիգորյանը:

Նա նշեց, որ մասնավորապես վերականգնվել է Շուշիում Մեհ Մանդարովի աղոթարանը, մաքրման եւ ցանկապատման աշխատանքներ են իրականացվել   Շուշիի Ստորին եւ Աղդամի մզկիթներում: Այս աշխատանքների համար ԼՂՀ կառավարությունը 2008 թվականից սկսած մինչ օրս 30 մլն դրամ է հատկացրել:

Արման Գրիգորյանի խոսքով, հատկացվող գումարը բավական չէ հուշարձանների համար. «Յուրաքանչյուր տարի պետբյուջեից 10 մլն դրամ է հատկացվում է, որն իհարկե հուշարձանի վերականգման համար շատ քիչ է, բայց դրանք են մեր պետական բյուջեի հնարավորությունները»:

Մզկիթների բարեկարգման  հետ զուգահեռաբար Արցախում ընթանում է նաեւ իսլամական մշակույթի ուսումնասիրման, վկայագրման եւ պահպանական գոտիների իրականացման աշխատանքներ:

Ընդհանուր հաշվով, ԼՂՀ-ում կա 10 հազարից ավելի պատմամշակութային հուշարձան, որոնց 99 տոկոսը,  հուշարձանների վերանորոգման եւ օգտագործման բաժնի պետի հավաստմամբ, վերականգման կարիք են զգում:

Նշենք, որ ԼՂՀ տարածքում  գտնվող մզիկթները հիմնականում պարսկական ծագում ունեն եւ կառուցվել են 19-րդ դարի վերջերին: