Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին, ով Հայաստան է ժամանել քննարկելու Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը շարունակելու հնարավորություններն ու հեռանկարը:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին եւ բարձր գնահատել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի հետ նրա համագործակցությունը:
Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն ափսոսանք է հայտնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության մանդատի կասեցման կապակցությամբ՝ նշելով, որ կազմակերպությունը, այնուհանդերձ, պատրաստակամ է եւ շահագրգիռ շարունակելու հետագա համագործակցությունը Հայաստանի հետ:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել ԵԱՀԿ գործունեության բոլոր հարթություններում Հայաստանի ներգրավվածության մասին եւ քննարկել փոխգործակցությունն այլ ձեւաչափերով խորացնելու եւ ընդլայնելու հնարավորությունները:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

































