Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 19-ի սահմաններում Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ բավարարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչի միջնորդությունը՝ երկամսյա կալանք սահմանել 53-ամյա, նախկինում դատապարտված, Երեւանի Գալշոյան 12 շենքի բնակիչ Ռոբերտ Գուրգենի Ջանջուղազյանի նկատմամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 17-ի երեկոյան Կոմիտասի պողոտայում Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ Սեդա Սերգոյանը վրաերթի էր ենթարկվել եւ տեղում մահացել ստացած վնասվածքներից: Վրաերթ կատարողը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Նույն օրը ՃՏՀ քննության բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:

Երեւանի ՃՏՀ քննության եւ Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները բացահայտել էին, որ վրաերթը կատարել է Ռ.Ջանջուղազյանը՝ «ՋԻՓ Լինքոլն» մակնիշի 06 OS 613 համարանիշի ավտոմեքենայով: Նրան եւ մեքենան հայտնաբերել էին արհեստավորի մոտ:


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի