Այսօր` նոյեմբերի 24-ին Հայաստանի կառավարության շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» եւ «Խաչքարի մոտ» որմնանկարների վերաբացման արարողությունը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության 2010թ. հունիսի 17-ի որոշման համաձայն` «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ ձեռնամուխ է եղել Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի մասնաշենքում գտնվող հիշյալ որմնանկարների  վերականգնման ծրագրի իրականացմանը։

Կառավարության շենքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից որմնանկարների վերածնունդն օրհնել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` շնորհավորելով նշանակալի իրադարձության կապակցությամբ, շնորհակալություն  է հայտնել որմնանկարների վերականգնման աշխատանքներն իրականացրած հայ եւ իտալացի մասնագետներին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին, որոնց մասնակցությամբ արվեստի այս գլուխգործոցները տարանջատվել են Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի պատերից, ջանասիրաբար վերականգնվել եւ ապա տեղափոխվել ու տեղադրվել կառավարության շենքում։ Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ, սա այն դեպքն է, երբ մենք կարող ենք ասել, որ պատմությունը միշտ իր արդար գործն ի կատար է ածում եւ 70-ականներին, երբ Մինաս Ավետիսյանն այս որմնանկարները ստեղծագործում էր Լենինական քաղաքում` սովորական մի գործարանի շատ սովորական ճաշարանում, որեւիցե մեկն այն ժամանակ չէր կարող ենթադրել, որ այս ստեղծագործությունները տարիներ հետո համարվելու են մեր արվեստի բացառիկ գործեր եւ իրենց արժանի տեղն են գտնելու մեր մշակութային կյանքում։ Եվ այն, որ այդ որմնանկարներն այսօր հայտնվել են կառավարության շենքում` զբաղեցնելով իրենց տեղը, դրա վառ վկայությունն է։ Պատմությունն է տալիս Մինասի աշխատանքների գնահատականը եւ մենք միասին այսօր հնարավորություն ունենք հիանալու այս հիասքանչ աշխատանքներով»։

 Առաջիկայում կառավարության խորհրդակցությունների դահլիճը հասանելի կլինի նաեւ մեծ նկարչի արվեստի երկրպագուների համար։