Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 18:30-ից մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա կազմակերպեցին նախագահական նստավայրի դիմաց (Բաղրամյան 26)` ընդդեմ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի ստորագրման:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ («Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին), որոնցով սահմանափակում է ժամանակավոր անաշխատունակության վճարների տրամադրումը։ Դրանից առաջին հերթին տուժելու են հղիներն ու ֆիզիկական վնասվածքներ ստացած ու ժամանակավոր անաշխատունակ դարձած անձինք։

Ցուցարարներից Դիանա Հովհաննիսյանը NEWS.am-ին ասաց, որ հավաքվածները Facebook սոցիալական կայքի ակտիվիստներ են։ Նրանք հավաքվել են երեկոյան՝ աշխատանքից հետո ազատ ժամին։ Հավաքվածների մեծ մասը երիտասարդ աղջիկներ են՝ օրենքների փաթեթը առաջին հերթին հարվածում է նրանց շահերին։

Ըստ Դ. Հովհաննիսյանի, եթե հղի կանայք մինչ այդ օրենքը իրավունք ունեին ստանալու 140 օրվա աշխատավարձը՝ առանց եկամտահարկի, ապա նոր օրենքով՝ դրանից հարկեր են պահվելու։ Բացի այդ՝ դեկրետային գումարի առավելագույն սահմանաքանակ է ճանաչվել ամսական 162,5 հազ. դրամը՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, այնինչ կանանց մի մասը ստանում է համեմատաբար բարձր աշխատավարձ։ Հետեւաբար՝ դեկրետ գնալը դառնում է վնասաբեր։

Հավաքվածները խոստացան նոր օրենքների դեմ բողոքարկել Սահմանադրական դատարանում։