ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 31-ին, ընդունել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին, այդ թվում՝ հիմնադիրների եւ նրանց կողմից ձեւավորված հոգաբարձուների խորհրդի անդամների, խորհրդատվական խորհրդի ներկայացուցիչների եւ հիմնադրամի գործադիր տնօրենին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հիմնադրամի գործադիր տնօրեն, նորարարական էկոհամակարգերի ճարտարապետ Արմեն Օրուջյանը ներկայացրել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի ձեւավորման ընթացքը, հոգաբարձուների խորհրդի եւ խորհրդատվական խորհրդի անդամներին, որոնց մեջ են առաջատար հայ գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից, ինչպես նաեւ հիմնադրամի գործունեության նպատակներն ու դրանց հասնելուն միտված ծրագրերը:
Խոսելով հիմնադրամի նպատակների մասին՝ գործադիր տնօրենը նշել է, որ այն կոչված է կենտրոնացնելու, համակարգելու եւ խթանելու աշխարհի հայ գիտնականների, ինժեներների եւ ձեռներեցների գործունեությունը՝ միտված Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար ներդաշնակ միջավայր ստեղծելուն եւ զարգացնելուն, հայաստանյան ու միջազգային գիտական հանրույթների գիտական, տեխնոլոգիական եւ ֆինանսական հնարավորությունները մոբիլիզացնելուն:
Խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի գործունեության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերի շուրջ եւ քննարկել նախատեսված նպատակների իրագործման համար անհրաժեշտ պայմանները, մեխանիզմներն ու հնարավորությունները, լսել այդ առումով Հանրապետության նախագահի դիտարկումները եւ առաջարկությունները:
Ընդգծելով, որ հիմնադրամն այլեւս իրողություն է, Հանրապետության նախագահը նշել է, թե ուրախ է, որ հնարավոր դարձավ վաղուց խմորվող այս լավ գաղափարն առաջ մղել՝ ձեւավորել խորհուրդ, գտնել համապատասխան փորձ ունեցող եւ ներուժ միավորելու կարողությամբ օժտված գործադիր տնօրեն: Նախագահը հաջողություններ է մաղթել հիմնադրամին եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանի զարգացման ընդհանուր տեսլականի մաս կազմող այս գաղափարի իրագործմանը:































