ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ ակտիվ է բանակցային գործընթացում։ Այս մասին հունիսին 1-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն։

Նրա խոսքով՝ եռանախագահները մշտապես կապ են պահում միմյանց եւ երկու երկրների նախագահների ու ԱԳՆ ղեկավարների հետ։ Դեսպանը նկատեց, որ շուրջ 10 օրից նրանք տարածաշրջան կայցելեն։

Դեսպանն ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը պայմաններ ստեղծելն է, որոնք լուծում գտնելու հնարավորություն կընձեռեն, սակայն եռանախագահները որոշումներ չեն կայացնում։ «Որոշումներ կայացնելու իրավունքը հակամարտող կողմերինն է»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ մարտին տեղի ունեցած Սերժ Սարգսյանի ու Ֆրանսուա Օլանդի հանդիպման ընթացքում Ֆրանսիան հանդիպում կազմակերպելու կամ հյուրընկալելու պատրաստակամություն է հայտնել։

Պատասխանելով առաջիկա 1-2 տարում արցախյան հակամարտության շուրջ որոշում կայացնելու մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ հարցին՝ դեսպանը նշեց, որ իսկապես պետք է անել ամեն ինչ՝ երկու կողմերի համար ընդունելի լուծում գտնելու համար, որը հիմնված կլինի երեք հայտնի սկզբունքների վրա։ Նրա խոսքով՝ ե՛ւ մարդկային, ե՛ւ քաղաքական տեսանկյունից անհնար է մշտապես ապրել հրադադարի ռեժիմի խախտման եւ սպառնալիքի պայմաններում։ «Ստատուս-քվոն չի կարող շարունակվել»,- նշեց դեսպանը։

Եռանախագահների վերջին հայտարարությունը հասցեագրված էր։ Նախորդ հայտարարությունները եւս հասցեագրված էին, բայց, դեսպանի համոզմամբ, դրանք պետք էր տողատակերով կարդալ։