Հայաստանի կառավարությունը հունիսի 1-ի նիստում կրկին հաստատեց օֆշորային երկրների ցանկը։ Օֆշորների հետ գործարքները նախկինի պես չեն արգելվում։ Կառավարությունը միայն հետեւում է, որ երկրի ներսում գործողության պարագայում վճարվեն բոլոր հարկերը։
Մասնավորապես, եթե Հայաստանում եկամտահարկը 20 տոկոս է, իսկ օֆշորում՝ 0 տոկոս կամ զրոյին մոտ, ապա այնտեղ կարելի է գրանցել ընկերություն, փողեր փոխանցել՝ իբր ապրանքների կամ ծառայությունների դիմաց, հետո «չստանալ» դրանք եւ հարկայինին համոզել խաբված լինելու մեջ։ Իսկ դրանից հետո հարկից պահում ստանալ՝ «իզուր» ծախսված փողերի դիմաց։ Մինչդեռ իրականում փողերը հայտնվում են օֆշորում՝ հարկի գանձումից խուսափելու համար։
«Հենց այդ պատճառով մենք կրկին հաստատում ենք օֆշորային երկրների ցուցակը։ Մենք նրանց հետ գործարքները չենք արգելի, պարզապես նման գործարքների դեպքում, եթե գումարը չվերադարձվի, եկամտահարկից չի պահվի եւ կգանձվի ընդհանուր հիմունքներով»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«Օֆշորային» երկրների շարքում են Անտիգուա եւ Բարբուդան, Վիրգինյան կղզիները, Բելիզը, Շվեյցարիան, Մոնակոն, Հոնկոնգը եւ այլն։











