Ադրբեջանական կողմը, մինչեւ հոգու խորքը վիրավորվելով արցախյան հիմնահարցի վերաբերյալ Կիպրոսի իշխանությունների արդարացի դիրքորոշումից, փորձում է «հակամիջոցներ» ձեռնարկել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Կիպրոս էր այցելել, որտեղ հանդիպել է Կիպրոսի ԱԳՆ ղեկավար Իոաննիս Կասուլիդեսի հետ։ Հանդիպումն ամփոփելով՝ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ արցախյան եւ կիպրոսյան հիմնախնդիրները։ ԱԳՆ ղեկավարի կարծիքով՝ սխալ է զուգահեռներ անցկացնելը այս երկու խնդիրների միջեւ, քանի որ, ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնազավթվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայերի պատմական տարածքն է, նրանք այնտեղ միշտ են եղել, պայքարել են իրենց անվտանգության համար եւ անկախություն հռչակել»։
Այս արտահայտությունն Ադրբեջանի ԱԳՆ-ի մտորումների տեղիք տվեց, իսկ հետո սկսվեցին Կիպրոսի ԱԳՆ ղեկավարի հայտարարության «չեզոքացման» փորձերը։
Այդ նպատակով ադրբեջանական haqqin.az-ը դիմել է կիպրոսցի քաղաքագետ Պետրոս Կարեկլասին։ Վերջինն իբր թե դիմումն ԱԳՆ է հղել ու պատասխան ստացել, ինչի արդյունքում հրապարակվել է «հերքումը»։ «Կիպրոսի ԱԳՆ ղեկավարը կտրականապես հերքում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ կամ մեկ այլ վայրում նման հայտարարությամբ է հանդես եկել» ,-հաղորդել է Կարեկլասը։
Մի կողմ թողնենք հարցը, թե ի՞նչ իրավունքով է քաղաքագետը կատարում պետական գերատեսչության մամուլի ծառայության գործառույթները։ Ավելի կարեւոր է, որ Կիպրոսի ԱԳՆ-ում նույնիսկ չեն էլ մտածել գերատեսչության ղեկավարրի վերոնշյալ դիրքորոշումը ինչ-որ կերպ հերքելու մասին։
«Մենք ոչ մի դեպքում չենք հրաժարվում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Կիպրոսի ԱԳՆ ղեկավար Իոաննիս Կասուլիդեսի հայտարարությունից», - հայտարարել են Կիպրոսի պաշտպանության նախարարությունում։
Կիպրոսի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ հանդիպման ընթացքում Կասուլիդեսը շատ ուժեղ հայամետ դիրքորոշում է ցուցաբերել։ «Գաղափարը, որ մենք կարող ենք հանդես գալ «հավասարակշռող» կամ «ադրբեջանամետ» հայտարարությամբ, անհիմն է»,-նշել են ԱԳՆ-ում։





























