Դուբայի ոստիկանության կազմում ներառված առաջին ոստիկան-ռոբոտը սկսել է իր աշխատանքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռոբոտն իր «պարտականությունները ստանձնել է» աշխարհի ամենաբարձր շինությունից՝ Բուրջ Խալիֆայից՝ հայտնվելով բնակիչների եւ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում։ «Ռոբոկոպը» ոստիկանական գլխարկով է, տեղաշարժվում է անիվներով եւ սենսորային էկրան գործածում։ Նա նաեւ ունի տեսախցիկ՝ ոստիկանական տեղամաս տեսանյութը փոխանցելու եւ հնարավոր կասկածյալներին նույնականացնելու համար։

Ռոբոտի հասակը 170 սմ է, քաշը՝ 100 կգ։ Նա ունի «հույզերի դետեկտոր», որը 1,5 մետր հեռավորությունից ընկալում է զրուցակցի ժեստերն ու դեմքի արտահայտությունը։