ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր ընդունել է իրանական թռչնաբուծական «Մորղփարվար» ընկերության հիմնադիր  տնօրեն Հոսեյնղոլի Լոթֆիին:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հոսեյնղոլի Լոթֆին  տեղեկացրել է, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իրականացնել երկարաժամկետ գործունեություն տոհմային ճտերի արտադրության կազմակերպման ուղղությամբ:

«ՀՀ կառավարությունը խնդիր է դրել փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի մենք ողջունում ենք Ձեր նախաձեռնությունը եւ հայտնում մեր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել Ձեզ Հայաստանում արտադրության  կազմակերպման ուղղությամբ», - նշել է փոխնախարարը: Այնուհետեւ Աշոտ Հարությունյանը Հոսեյնղոլի Լոթֆիի խնդրանքով համառոտ ներկայացրել է Հայաստանում թռչնաբուծության ոլորտի ներկա վիճակը, առաջնային հարցերը, ինչպես նաեւ այս ոլորտում գործող օրենսդրական դաշտը:

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հանգամանքը` նախարարի տեղակալը հնարավոր է համարել նաեւ հետագայում պատրաստի արտադրանքը արտահանել դեպի ԵՏՄ շուկա: Միաժամանակ փոխնախարարն ընդգծել է  բարձրորակ արտադրանքի ապահովման կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրության կազմակերպմանն առնչվող մի շարք այլ հարցեր եւս: