Loft նորարարական կենտոնում կայացավ երկրորդ ամենամյա Digithon Beeline Հայաստան-2017 թվային մարաթոնի պաշտոնական փակման արարողությունը: Digithon–ի շրջանակում Beeline-ի տարբեր մասնաճյուղերի աշխատակիցները ստեղծում էին նորարարական թվային ծառայությունների նախատիպեր:
Հայտնի Hackathon–ի նման, Digithon միջոցառումը տեւել է 24 ժամ, որի ընթացքում ընկերության աշխատակիցներից կազմված հինգ թիմ մրցեց, որպեսզի ստեղծեն նորարար հավելվածներ եւ ծառայություններ բիզնեսի եւ հաճախորդների համար։ Հաղթող ճանաչվեց Digital Pirates թիմը, որը ներկայացրեց Bottle letter:
«Հանդիսանալով պատասխանատու գործատու եւ թվային ընկերություն, որը մշտապես աջակցում է նորարարական ծրագրերի իրականացմանը Beeline-ն երկրորդ տարին անընդմեջ անց է կացնում Digithon–ը: Սա թվային մարաթոն է աշխատակիցների շրջանում, որը նպատակ ունի ներգրավել նրանցից առավել ակտիվներին բիզնեսի եւ հաճախորդների համար նորարարական հավելվածների, ծառայությունների եւ ծրագրերի մշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Beeline աշխատակիցները քաջատեղյակ են շուկայի եւ տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված հաճախորդների պահանջներին եւ ցանկություններին, նրանք հավաքվելով թիմերում համատեղ ուժերով կստեղծեն եւ կառաջարկեն այնպիսի թվային լուծումներ, որոնք կդարձնեն մեր ծառայություններն էլ ավելի նորարար, պարզ եւ հարմար մեր հաճախորդների համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
<Այս նորարար միջոցառման շրջանակում մեր աշխատակիցներն արդեն երկրորդ տարին է, ինչ Hackathon–ի նման գեներացնում են նոր եւ վառ գաղափարներ: Digithon–ի ընթացքում մշակելով նախատիպ մենք ստեղծում ենք նոր առաջարկ մեր այսօրվա եւ վաղվա հաճախորդի համար: Նորարար եւ ստեղծագործական մթնոլորտն ազդակներ եւ Էներգիա է հաղորդում մեր աշխատակիցներին հետագա կերտման եւ արարման համար՝ ի շահ մեր հաճախորդների»,– նշեց Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը։
Նշենք, որ Digithon–ի մոդերատորներ եւ հանձնաժողովի անդամներ են հանդիսանում ընկերության ղեկավարությունը եւ անկախ փորձագետ՝ Earlyone ստարտափի հիմնադիր Գեւորգ Սաֆարյանը: Հաղթող թիմը կներկայացնի Հայաստանը միջկորպորատիվ Եվրասիական Digithon-ում, որը տեղի կունենա 2017 Հայաստանում՝ նախորդ տարվա Եվրասիկան Digithon-ի հաղթանակած երկրում:





























