Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ-ի «Ֆերահյան» հայկական դպրոցի 11-րդ դասարանի թվով 40 աշակերտների:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով նրանց այցին՝ Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ Սփյուռքում գործող տարբեր հայկական վարժարանների ու դպրոցների ավարտական դասարանների աշակերտների այցելությունը Հայրենիք եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գեղեցիկ ավանդույթ է դարձել:
Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ այս այցն իր անջնջելի կնիքն է թողնելու պատանիների հոգում եւ առիթ է դառնալու, որպեսզի վերջիններս ներշնչվեն ու զորանան հայրենիքով ու նրա սրբություններով:
Շրջանավարներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումը եւ կյանքում արձանագրել նորանոր ձեռքբերումներ։
Վեհափառ Հայրապետը կարեւոր նկատեց, որ հայորդիները ապագայում եւս այցելեն Հայաստան՝ հայրենիքի հանդեպ իրենց սերը զորացնելու:
Այնուհետեւ «Ֆերահյան» հայկական դպրոցի տնօրեն Սոսի Շանլյանը Նորին Սրբությանը ներկայացրեց դպրոցի ուսումնական գործունեությունը:
Վերջում Նորին Սրբությունը դպրոցի աշակերտներին Բարձրյալն Աստծո հովանավորությունն ու առաջնորդությունը մաղթեց՝ ի կատար ածելու իրենց նպատակներն ու իղձերը եւ ազգային ոգու բարձր գիտակցությամբ իրենց գիտելիքները ծառայեցնելու հայրենիքին եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդին:





























