Լոնդոնում հունիսի 3-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչության զոհ են դարձել վեց մարդ։ Այդ մասին հայտնել է Սքոթլանդ Յարդի պետի տեղակալ Մարկ Ռոուլին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նրա տվյալներով, ահաբեկչական հարձակմանը մասնակցել են երեք ահաբեկիչներ։

Փոխոստիկանապետը նշել է, թե երեք ահաբեկիչներին գնդակահարել են Բորոու շուկայի տարածքում՝ ոստիկանություն ահազանգը ստանալուն 8 րոպե անց։ «Կասկածյալներն ունեցել են մահապարտի գոտու նմանվող առարկաներ, որոնք, պարզվել է, խաղալիքներ են»,- ասել է Ռոուլին։

Լոնդոնի շտապօգնությունն էլ հայտնել է, թե դեպքից հետո հիվանդանոցներ են տեղափոխվել մոտ 30 անձինք։ «Թեթեւ վնասվածքներ ունեցող անձանց բուժօգնություն ցուցաբերվել է տեղում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ահաբեկչական հարձակմանը մասնակցել են հինգ անձինք, որոնք բղավել են «Ալլահ, Աքբար»։ Ըստ The Sun թերթի, իրավապահները որոնում են երկու ահաբեկիչների։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, միկրոավտոբուսը Լոնդոնի կամրջի վրա քշել է բազմության մեջ, որից հետո մեքենայից դուրս են եկել երեք անձինք եւ դանակներով հարձակվել մարդկանց վրա։ Մեքենան սլացել է ժամում 80 կմ արագությամբ։ Ահաբեկչական հարձակումներ են եղել նաեւ Բորոու շուկայում եւ հարավային Վոքսհոլլ շրջանում։

Ոստիկանությունը միջադեպը հետաքննում է որպես ահաբեկչություն։